Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Հայոց համազգային շարժում

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)՝ Հայաստանում լուծարված քաղաքական-կուսակցական շարժում։ Հիմնադրվել է 1988 թվականի օգոստոսին որպես հասարակական կազմակերպություն, որը 1989 թվականից վերափոխվել է քաղաքական կուսակցության։ ՀՀՇ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյան 1988֊2013 մինչև լուծարում։

Հիմնադրում

Հայոց համազային շարժումը (ՀՀՇ) հիմնադրվել է Ղարաբաղ կոմիտեի նախաձեռնությամբ՝ համակարգելու ղարաբաղյան շարժումը։ Առաջին ծրագիրը հրապարակվել է 1988 թվականի օգոստոսի 19-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հերթական զանգվածային հանրահավաքի ընթացքում։ ՀՀՇ-ն պաշտոնապես ճանաչվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։ Նույն թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ ՀՀՇ-ն գրանցվել է որպես քաղաքական կուսակցություն։1989 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի օպերայի ու բալետի թատրոնի շենքում կազմակերպվում է ՀՀՇ առաջին համագումարը։ Առաջին նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը։ Դեկտեմբերին վերջինիս կողմից հրաժարականի դիմում է ներկայացվում, ինչից հետո կուսակցության նախագահ է ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀՇ անդամ են դառնում Արցախյան շարժման գրեթե բոլոր ակտիվիստները, ովքեր ներգրաված չեն եղել այլ կուսակցություններում՝ ներառյալ ապագա ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ Քոչարյանի՝ ՀՀՇ կազմում իր ընդգրկման մասին նա իմացել է թերթերի։

Իշխանության տարիներ (1990-1998)

1990 թվականի մայիսի 20-ին Հայկական ԽՍՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Հուլիսի 3-ին որոշ ընտրատեղամասերում կարիք եղավ անցկացնել երկրորդ փուլ։ Ընտրությունները անցկացվել են բացառապես մեծամասնական ընթացակարգով։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կոմունիստական կուսակցությունը պարտություն է կրում, իսկ ՀՀՇ-ն դառնում իշխող կուսակցություն՝ ստանալով տեղերի 40%։ Ձևավորվում է 260 պատգամավորներից բաղկացած խորհրդարան՝ երկու կուսակցությունով ու հետագայում ձևավորված ֆրակցիաներով՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ (12 պատգամավոր)։ Գերագույն խորհուրդը իր աշխատանքը սկսեց հուլիսի 20-ին։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առաջին տեղակալ՝ Բաբկեն Արարքցյանը (ՀՀՇ), տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը (ՀԿԿ)։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ կազմելով ՀՀՇ-ի գլխավորած մեծամասնական կառավարություն։

Թողնել մեկնաբանություն